Գլխավոր Ավելին

Ի՞նչ Է գաստրոսկոպիան, ե՞րբ Է նշանակվում և ինչպե՞ս Է իրականացվում

Գաստրոսկոպիան կամ նույն ինքը էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան աղեստամոքսային տրակտի վերին հարկի կերակրափողի ստամոքսի և 12-մատնյա աղու էնդոսկոպիկ հետազոտումն է:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Էնդոսկոպիայի ծառայության բժիշկ-էնդոսկոպիստ Մարիետա Նալբանդյանը անդրադարձել է գաստրոսկոպիայի իրականացման ընթացքին, ցուցումներին և ոչ միայն:

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում:

Հետազոտությունն իրականացվում է գաստրոսկոպի օգնությամբ, որն իրենից ներկայացնում է բարակ, ճկուն խողովակ, որի ծայրին առկա է լույսի աղբյուր և օբյեկտիվ:

Գաստրոսկոպիան հնարավորություն է տալիս ստանալ մանրամասն ինֆորմացիա կերակրափողի, ստամոքսի և 12-մատնյա աղու լորձաթաղանթի մասին՝ հայտնաբերել բորբոքումները, խոցային ախտահարումները, բարորակ և չարորակ նորագոյացությունների առկայությունը և այլ պաթոլոգիաներ։ Ոչ մի այլ դիագնոստիկ մեթոդ (ՈւՁՀ, ռենտգեն քննություն, ՀՇ-քննություն, ՄՌՏ) չի տալիս այդքան ստույգ պատկեր աղեստամոքսային լորձաթաղանթի մասին, որքան ԷԳԴՍ-ն:

Ստորև նշված գանգատները հանդիսանում են գաստրոսկոպիայի ցուցումներ՝

դառնահամություն բերանում

այրոց

վքնածություն

ցավեր որովայնի ,հետկրծոսկրային շրջանում

սրտխառնոց

 փսխում

 ծանրության զգացողություն

սնունդը կուլ տալու դժվարություն և այլն։

Եվ բնականաբար բոլոր այն դեպքերում, երբ առկա է բժշկի կողմից ցուցում։

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։

Գաստրոսկոպիային նախապատրաստվելը բավականին հեշտ է։ Պացիենտից պահանջվում է չուտել հետազոտության նախորդ օրը ժամը 20:00-ից սկսված, հեղուկների ընդունումը չի սահմանափակվում, իսկ արդեն հետազոտության օրը պետք է ներկայանալ անոթի (սոված,ծարավ)։ Ծխախոտ ծխելն ու մաստակ ծամելը ևս չի խրախուսվում։

Հետազոտությունը տևում է 5-7 րոպե և անցկացվում է ներերակային անզգայացմամբ, բացառությամբ այն պացիենտների, որոնք ունեն անեսթեզիայի հակացուցումներ։

Հետազոտությունից հետո պացիենտը կարող է վերադառնալ իր բնականոն առօրյային, պարզապես չի կարելի վարել մեքենա առաջիկա 5 ժամվա մեջ և կատարել ուշադրությամբ պայմանավորված գործողություններ։

×
facebook sharing button facebook